Անհատի PR-ը կարևոր է, բայց չպետք է երկրորդական պլան մղի պրոֆեսիոնալ աշխատանքը․ Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է PR դպրոցի շրջանավարտներին

Անհատի PR-ը կարևոր է, բայց չպետք է երկրորդական պլան մղի պրոֆեսիոնալ աշխատանքը․ Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է PR դպրոցի շրջանավարտներին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հյուրընկալել է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի ղեկավարած PR դպրոցի շրջանավարտներին՝ խոսելով Պաշտպանի հաստատության դերի և իր մասնագիտական ձեռքբերումների մասին։

 

«Երբ ես ընտրվեցի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում, երկու տարբերակ ունեի․ կա´մ պետք է պոպուլիզմով զբաղվեի՝ ինձ համար ապահովելով հասարակության շրջանում դրական վարկանիշ, բայց երկարաժամկետ հեռանկարում կործանեի կառույցի հեղինակությունը, կա´մ պետք է ընտրեի դժվար ճանապարհը՝ պրոֆեսիոնալ աշխատանքը։ Ես, իհարկե, ընտրեցի երկրորդը, և այդ աշխատանքի շնորհիվ մենք այսօր ունենք միջազգային բարձր հեղինակություն, ակտիվորեն ներգրավված ենք օրենսդրության կատարելագործման ոլորտում, ինչպես նաև տարեցտարի ավելի բարձր ցուցանիշներ ենք արձանագրում դրական լուծում ստացած գործերի թվով»,-պատմել է Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ անհատի PR-ը կարևոր է, բայց չպետք է երկրորդական պլան մղի պրոֆեսիոնալ աշխատանքը։

 

Նա նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի կամ օմբուդսմանի առաքելությունը պահանջում է աշխատանք պետական բոլոր մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ։

 

«Դիմողի հայտնած տեղեկության գաղտնիությունը, աշխատանքի օբյեկտիվությունը և անկախությունը մեզ համար հիմնարար արժեքներ են։ Մարդու իրավունքների պաշտպանի արդունավետ աշխատանքի կարևոր գրավական է իրավունքի խախտման հանդեպ անհանդուրժողականությունը, այդ խախտումը վերացնելու հարցում հետևողականությունը և լուծմանը նպաստելը»,- մանրամասնել է Արման Թաթոյանը։

 

PR դպրոցի շրջանավարտները մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող տարբեր հարցեր են ուղղել Պաշտպանին, իսկ հանդիպման ավարտին Արման Թաթոյանն Աստղիկ Ավետիսյանի հետ ավարտական վկայականներ է հանձնել PR դպրոցի շրջանավարտներին՝ նրանց մաղթելով մասնագիտական հաջողություններ հանրային կապերի ոլորտում։