Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական դատարանի նախագահի հետ

Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական դատարանի նախագահի հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ պարոն Գիդո Ռայմոնդիի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանից նշանակված դատավոր Արմեն Հարությունյանը եւ դատարանի քարտուղար Ռոդրիկ Լիդելը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության եւ Եվրոպական դատարանի համագործակցությանն առնչվող հարցեր:

 

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Եվրոպական դատարանում գործերի քննությանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես երրորդ կողմ ներգրավվելու իրավական մեխանիզմին: Եվրոպական դատարանի նախագահը կարեւորել է Մարդու իրավունքների պաշտպանի այս նախաձեռնությունը՝ նշելով, որ դա կլինի միջազգային լավագույն փորձ եւ ավելի կնպաստի Եվրոպական դատարանի գործունեության արդյունավետության բարձրացմանը:

 

Եվրոպական դատարանի նախագահը կարեւորել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած նոր գործընթացը՝ կապված դատարանի վճիռների կատարման հետ: Կողմերը քննարկել են այս մեխանիզմի գործադրման մանրամասները: Եվրոպական դատարանի նախագահը կարեւորել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես դատարանի ad-hoc դատավորի դերը: Քննարկվել է նաեւ օմբուդսմանի՝ իրավունքների խախտում հայտնաբերելու մասին որոշումների նոր ձեւը, որը հիմնված է Եվրոպական դատարանի կողմից կիրառվող սկզբունքների վրա:

 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ապահովել շարունակական համագործակցությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների պահանջների կատարման եւ առհասարակ հետամուտ լինել մարդու իրավունքների պաշտպանության գործում: