2017 թվականի հունիսի 12-ից 15-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները Եվրոպայի խորհրդի աջակցությամբ ճանաչողական այցով գտնվում են Ավստրիայում և Ֆրանսիայում: Պատվիրակության կազմում են նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վ. Ռշտունին, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Նարինյանը և ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ս. Առաքելյանը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպել է Ավստրիայի օմբուդսման տիկին Գերտրուդա Բրինեկի, աշխատակազմի ղեկավար Մայքլ Մաուերերի հետ: Քննարկվել են երկու երկրների օմբուդսմանների ինստիտուտների գործունեության հիմնական ուղղությունները և խնդիրները և դրանց լուծման՝ երկու երկրների փորձը: Առավել հանգամանալից քննարկում է ծավալվել Ավստրիայում կանխարգելման ազգային մեխանիզմի հանձնաժողովների գործունեության վերաբերյալ:
Համաձայնություն է ձեռք բերել հետագա համագործակցության հիմնական ուղղությունների և համատեղ վերապատրաստումների կազմակերպման վերաբերյալ:
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում պատվիրակությունը ներկա է գտնվել Նաիթ-Լիմանն ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատի նիստին:
Պատվիրակությունը հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Ա. Հարությունյանի հետ, ով ներկայացրել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերջին զարգացումները:
Նախատեսվում են քննարկումներ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պ. Հովհաննիսյանի, Եվրոպայի խորհրդի՝ մարդու իրավունքների հարցերով զբաղվող մի շարք ստորաբաժանումների և Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի ներկայացուցիչների հետ: