Հունիսի 15-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել է հաղորդում այն մասին, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից նույն հիմնարկում պահվող՝ մեկ կալանավորված անձ եւ երեք դատապարտյալ ենթարկվել են բռնության եւ վատ վերաբերմունքի: Այս մասին հրապարակումներ են եղել նաեւ զանգվածային լրատվության միջոցներում:
Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են քրեակատարողական հիմնարկ եւ առանձնազրույցներ ունեցել անազատության մեջ պահվող հիշյալ անձանց հետ: Վերջիններս առանձնազրույցի ընթացքում նույնպես նշել են, որ ենթարկվել են բռնության, ներկայացրել են մանրամասներ դրանից հետո բժշկական օգնության ցուցաբերման վերաբերյալ եւ հասցեագրել համապատասխան դիմում: Պաշտպանի ներկայացուցիչների կողմից ուսումնասիրվել են նաեւ քրեակատարողական հիմնարկում կազմված համապատասխան փաստաթղթերը:
Դիմումում բարձրացված հարցերի եւ Մարդու իրավունքների պաշտպանին առանձնազրույցի ընթացքում ներկայացված տեղեկությունների մանրամասն ուսումնասիրության հիման վրա որոշում է կայացվել բողոքը քննարկման ընդունելու մասին: Քննարկման շրջանակներում քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգի շրջանակներում հարցը քննարկելու համար այդ տեղեկությունները ազատությունից զրկված անձանց դիմումի հետ միասին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քննարկելու նպատակով: