ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Արագ արձագանքման վարչության պետի տեղակալ Մարտիկ Մարտիրոսյանը փետրվարի 11-ին Երեւանում Եվրոպայի խորհրդի եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակների համատեղ կազմակերպած դասընթացին տեղական դիտորդական խմբի դասընթացավարների համար հանդես է եկել ելույթով:
Դասընթացները կազմակերպվել էին Սեւան քաղաքում «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Երեւանում Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպական միության աջակցությամբ: Դասընթացին մասնակցել են Հայաստանի Հանարապետությունում ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկմանը մասնակիցներին ներկայացվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները ընտրական գործընթացների ոլորտում, Պաշտպանի աշխատակազմում ընտրական իրավունքներին առնչվող բողոքներին արձագանքելու եւ դրանք քննարկելու կարգը: Մասնակիցներին պարզաբանվել է նաեւ Պաշտպանին դիմելու կարգը: Նշվել է, որ քվեարկության օրը Պաշտպանի աշխատակազմում ձեւավորվելու են աշխատանքային խմբեր, որոնք քաղաքացիներին տրամադրելու են խորհրդատվություն, իրականացնելու են արագ արձագանքման այցեր, ինչպես նաեւ հրապարակային աղբյուրներից ստացված տվյալների մշտադիտարկում:
Միջոցառման ընթացքում քննարկվել են ընտրությունների ընթացքում դիտորդների իրավունքներին առնչվող, Պաշտպանի աշխատակազմի եւ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների համագործակցությանը վերաբերող հարցեր եւ այլն: