Հայ, վրացի ու մարոկկացի մասնագետները այսօր ՀՀ Պաշտպանի աշխատակազմում ամփոփել են «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում իրականացված ուսումնական մշտադիտարկման արդյունքները: Հուլիսի 25-ին բուժհիմնարկ կատարած այցելության ընթացքում մասնագետները միջազգային փորձագետ Վլադիմիր Արտակովի (Մակեդոնիա) ուղեկցությամբ շրջել են տարբեր բաժանմունքներով, զրուցել են բուժանձնակազմի և հոգեկան խնդիրներ ունեցող անձանց հետ, ուսումնասիրել նրանց պահման, սննդի, զբոսանքի պայմանները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը, Վրաստանի Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչները ու Մարոկկոյի Մարդու իրավունքների ազգային կենտրոնի ներկայացուցիչները այցի վերաբերյալ իրենց նկատառումները ներկայացրել են «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոնի տնօրինությանը:
Ավելի վաղ, հուլիսի 22-23-ին, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի», «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության թբիլիսյան ներկայացուցչության նախաձեռնությամբ և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համագործակցությամբ Աղվերանում անց էր կացվել սեմինար-փորձի փոխանակում՝ հոգեբուժական հաստատությունների մշտադիտարկման չափորոշիչների վերաբերյալ։