Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման եւ Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցներն իրականացրել են չհայտարարված այց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության Գյումրիի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն:
Ինչպես այսօր տեղեկացրել են ՄԻՊ-ից, այցի ընթացքում Պաշտպանի աշխատակիցներն առանձնազրույցներ են ունեցել գիշերօթիկ հաստատությունում բնակվող երեխաների հետ, ինչպես նաեւ անմիջականորեն ծանոթացել են նրանց նյութակենցաղային ապահովվածության պայմաններին: Ուսումնասիրվել է երեխաների իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաեւ նրանց նկատմամբ վերաբերմունքը:
Առանձնազրույցներ են իրականացվել նաեւ գիշերօթիկ հաստատության բուժանձնակազմի, իրավախորհրդատուի, սոցիալական աշխատողների եւ հոգեբանների հետ: Քննարկվել են երեխաների առողջության պահպանման, կրթության, զբաղվածության եւ առանցքային նշանակություն ունեցող մի շարքայլ հարցեր:
Կատարվել է համապատասխան փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրություն: Այցի շրջանակներում հանդիպում է կայացել նաեւ հաստատության ղեկավար անձնակազմի հետ, քննարկվել են երեխաների նյութակենցաղային պայմաններին առնչվող մի շարք հարցեր: