Պաշտպանը հանդիպել է ապագա լրագրողների հետ

Պաշտպանը հանդիպել է ապագա լրագրողների հետ

Այսօր՝ մարտի 16-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողները դասախոսների ուղեկցությամբ այցելել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ։ Արման Թաթոյանն ապագա լրագրողներին է ներկայացրել Պաշտպանի աշխատանքի սկզբունքներն ու ուղղությունները, անդրադարձել լրագրողների աշխատանքի կարևորությանը։

 

«Ժողովրդավարական պետությունում լրագրողի աշխատանքն առանցքային է: Այն ունի հանրային կարևորություն և հանրային մարմինների նկատմամբ հասարակական վերահսկողության կարևոր երաշխիքներից է: Լրագրողի աշխատանքի շնորհիվ է, որ հասարակության յուրաքանչյուր ներկայացուցիչ հնարավորություն է ստանում հետևելու հանրային գործառույթի իրականացմանը կոնկրետ մարմնի կողմից»,- ասել է Արման Թաթոյանը։

 

Նա ուսանողներին հորդորել է ապագայում պրոֆեսիոնալ աշխատանքով նպաստել մեր երկրում լրագրության ինստիտուտի զարգացմանը, ինչպես նաև ժողովրդավարության ամրապնդմանը։