Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բոլոր խմբերը գտնվում են Ոստիկանության բաժիններում: Նրանք լիարժեք ջանքեր են գործադրում բերվածների իրավունքների պահպանումն ապահովելու ուղղությամբ:
Հատուկ պարզաբանվում է, որ բերման ենթարկվածը՝ անկախ նրանից՝ Ոստիկանության բաժին է տարվել վարչական, թե քրեական վարույթի շրջանակում, օգտվում է միջազգայնորեն ամրագրված և 2015 թվականի ՀՀ սահմանադրական փոփոխություններով առավել երաշխավորված իրավունքներից:
Այդ իրավունքներն առնվազն հետևյալն են.
- բերման ենթարկելու վայրում դրա պատճառների մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվելը,
- լռելը,
- իր ընտրած անձի անհապաղ տեղեկացվելը բերման ենթարկվածի գտնվելու վայրի մասին,
- փաստաբանի իրավունքը,
- բժշկական հետազոտության ենթարկվելը, այդ թվում՝ սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի կողմից,
- իրավունքների մասին ծանուցվելը: