ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով քաղաքացիները բարձրաձայնել են վարորդական իրավունքի վկայական չստանալու մասին:
Պաշտպանի աշխատակազմում խնդրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հարցը վերաբերում է Կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 1327-Ն որոշման կարգավորումներին: Դրանով սահմանվում է, թե որ հիվանդությունների դեպքում է արգելվում տրանսպորտային միջոց վարելը (աչքի բացակայություն, վերին կամ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացակայություն և այլն):
Որոշմամբ բացառություն են կազմում անձի հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերը, սակայն չի հստակեցվում, թե վերոնշյալ ֆիզիկական խնդիրներ ունեցող անձն ինչ անհրաժեշտ փոփոխություններ պետք է կատարի տրանսպորտային միջոցի վրա, որպեսզի իրավասու մարմինն այն համարի անձի հնարավորություններին հարմարեցված և, ըստ այդմ, տրամադրի վարորդական իրավունքի վկայական:
Համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է վերոնշյալ որոշման մեջ լրացում առաջարկող նախագիծ, որն ընդունվել է Կառավարության օգոստոսի 31-ի նիստում:
Այն ամրագրում է լուծումներ, որոնք անհրաժեշտ են տրանսպորտային միջոցն անձի հնարավորություններին հարմարեցված համարելու և, ըստ այդմ, նրան վարորդական իրավունքի վկայական տրամադրելու համար (օրինակ՝ մեկ աչքի բացակայության դեպքում հարմարեցված է համարվում կայանման ձայնային ազդանշանային համակարգով կահավորված տրանսպորտային միջոցը):