ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Հրաչյա Պալյանի գլխավորությամբ Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների իրավունքների պաշտպանության ստորաբաժանման աշխատակիցները և բժիշկ մասնագետը սույն թվականի նոյեմբերի 16-ին այցելել են ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ:
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումների հիման վրա Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների և Հոսպիտալի բժշկական անձնակազմի հետ համատեղ կրկին քննարկվել են զինծառայողների ընտանիքների անդամների կողմից ներկայացված զինծառայողներին պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու հետ կապված մտահոգությունները:
Մասնավորապես, ուսումնասիրվել են զինծառայողներին տրամադրված կանխարգելիչ, բուժական, դեղորայքային օգնության, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, անցկացված ռազմաբժշկական փորձաքննությունների, ինչպես նաև զինծառայողների բուժման ընթացքի և արդյունքների վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Այցի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել նաև Հոսպիտալում բուժում ստացող մի շարք զինծառայողների հետ:
Զինծառայողների առողջական վիճակը տեղում ուսումնասիրելու, համապատասխան բժշկական փաստաթղթերին ծանոթանալու նպատակով նման ձևաչափով իրականացվող համատեղ աշխատանքները և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցերը կրելու են պարբերական բնույթ: