Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության փորձն առաջարկվել է այլ երկրների՝ ներդրման նպատակով:
Առաջիկայում հատուկ այցով Հայաստան կժամանեն ներկայացուցիչներ Թունիսից և Մարոկկոյից՝ խոշտանգումների կանխարգելման ոլորտի հայաստանյան փորձի ուսումնասիրության և իրենց երկրներում կանխարգելման մեխանիզմ ներդնելու կամ առկա մեխանիզմը զարգացնելու նպատակով: Ներկայում արդեն իսկ տարվում են այցերի նախապատրաստման աշխատանքներ: Դրանից հետո տեղի կունենան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների այցերը Թունիս և Մարոկկո՝ հայաստանյան փորձի ներդրման գործընթացի հետևողականությունն ապահովելու նպատակով:
Այս հարցում հիմք են ընդունվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր սահմանադրական օրենքում տեղ գտած սկզբունքները, որդեգրված նոր աշխատանքային մոտեցումները, ինչպես նաև կիրառվող նոր մեթոդները խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտում:
Կարևորվել են նաև օրենսդրական նոր լուծումները և նոր սկզբունքներով աշխատանքը՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցության հարցում: