«Մարդու իրավունքները և ընտանեկան բռնությունը». կայացել է լրագրողների վերապատրաստումը Բեռլինում

«Մարդու իրավունքները և ընտանեկան բռնությունը». կայացել է լրագրողների վերապատրաստումը Բեռլինում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան համագործակցության արդյունքում Գյոթե ինստիտուտը դեկտեմբերի 3-9-ը լրագրողների համար կազմակերպվել էր տեղեկատվական այցելություն Բեռլին:

 

Այցին ներկա են եղել հեռուստատեսությունում, օնլայն լրատվամիջոցներում աշխատող լրագրողներ, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի աշխատակիցներ։

 

«Մարդու իրավունքները և ընտանեկան բռնությունը» թեմայով վերապատրաստման շրջանակում լրագրողները հանդիպումներ են ունեցել ընտանիքում բռնության կանխարգելման ուղղությամբ պետական ֆինանսավորմամբ աշխատող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, եղել ընտանեկան հարցերով մասնագիտացված դատարանում, հանդիպել ընդդեմ բռնության հանդես եկող հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ:

 

Առանձին ընդունելություն է կազմակերպվել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում:

 

Հանդիպումների ընթացքում գերմանացի մասնագետները կարևորել են ընտանիքում բռնությունը կանխարգելելու ուղղությամբ թե´ տուժողի, թե´ ենթադրյալ բռնարարի հետ ճիշտ աշխատելը և այդ գործընթացում պատասխանատու կառույցների հետ համակարգված համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել նաև երեխաների իրավունքներին, ընդգծվել է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի կարևորությունը: