Նոյեմբերի 8-ին Վանաձոր քաղաքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում «Կանանց իրավունքների պաշտպանություն և հավասար հնարավորությունների ապահովում» թեմայով:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում կազմակերպված միջոցառման նպատակն է կանանց իրավունքների մասին իրազեկման միջոցով աջակցել մարզերում բնակվող կանանց տնտեսական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև նպաստել նրանց համար տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունների ստեղծմանը և հասարակության մեջ կնոջ դերի վերաբերյալ կարծրատիպերի հաղթահարմանը:
«Հասարակական և քաղաքական կյանքում, աշխատանքային իրավահարաբերություններում կանանց լիարժեք ներգրավման անհրաժեշտության հարցը շարունակում է խնդրահարույց մնալ, մինչդեռ կանանց համար հավասար հնարավորությունների ստեղծումը դրական է թե՛ ընտանիքների, և թե՛ պետության կայուն զարգացման համար»,- քննարկման ժամանակ նշել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Լուսինե Սարգսյանը։
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև կանանց նկատմամբ բռնության խնդիրը և դրա դեմ պայքարի համար ընդունված օրենսդրությունը, բարձրացվել են կանանց մտահոգող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատել ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ։