Հայաստանում խոսքի ազատության պաշտպանությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն ընդունել են ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը մամուլի և խոսքի ազատության երաշխավորման ոլորտում, մասնավորապես՝ պայմանավորված վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններով:
Արլեմ Դեզիրին կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերը խոսքի ազատության երաշխավորման և լրագրողների իրավունքների պաշտպանության հարցում:
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նշել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է լրագրողների անխոչընդոտ մասնագիտական աշխատանքն ու պաշտպանվածությունը, քանի որ նրանք կարևոր առաքելություն ունեն ոչ միայն այլակարծության խթանման, այլ նաև հանդուրժողականության մթնոլորտի պահպանման հարցերում։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը։