Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների համաշխարհային ալյանսի ամենամյա համաժողովին:
Ողջ աշխարհից ներկայացված Մարդու իրավունքների ազգային հաստատությունների մասնակցությամբ իրականացվել է լավագույն փորձի փոխանակում, քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց, փախստականներին, ինչպես նաև գործարարների շահերին առնչվող հարցեր:
Համաժողովի շրջանակում քննարկվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների համագործակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ:
Ժնևում Պաշտպանը հանդիպումներ է ունեցել այլ երկրների մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատությունների ղեկավարների հետ: Այցի ընթացքում նա մասնակցել է նաև ՄԱԿ-ի ուղենշող սկզբունքների 20-րդ տարելիցին նվիրված «Մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը ներքին տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցում» աշխատաժողովին։