Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել որպես հիմնական զեկուցող մարդու իրավունքների աշխարհի հաստատությունների տարեկան բարձրաստիճան կոնֆերանսին, որը նվիրված է կանանց իրավունքների պաշտպանությանը և այդ ոլորտում մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեությանը։
Պաշտպանը նշել է, որ կանանց իրավունքների երաշխավորման հարցը մշտապես գտնվում է իր ուշադրության կենտրոնում և խնդիրներն արտացոլվում են ինչպես տարեկան, այնպես էլ հատուկ զեկույցներում։
«Հաշմադամություն ունեցող կանայք ենթարկվում են կրկնակի խտրականության, քանի որ նրանց համար բժշկական ծառայությունները շարունակում են անմատչելի մնալ հատկապես մարզերում և մի շարք գյուղական համայնքներում»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը։
Արման Թաթոյանի խոսքով՝ կանայք բարդություններ են ունենում թե՛ աշխատանքի ընդունվելիս, թե՛ աշխատավայրում առաջխաղացման, թե՛ հղիության և ծննդաբերության դեպքում աշխատատեղը պահպանելիս։ Նրանք երեխաների խնամքի կազմակերպման հարցում ևս ունենում են բարդություններ, քանի որ մեծ մասամբ առկա չեն աշխատանքային ճկուն պայմաններ երեխա խնամող և աշխատող կանանց համար:
Ելույթում անդրադարձ է կատարվել կանանց վերաբերյալ կարծրատիպերին, որոնց պատճառով կանայք բավարար մասնակցություն չեն ունենում որոշումների կայացմանը։ Կարծրատիպերն են նաև կանանց նկատմամբ բռնությանը նպաստող հիմնական գործոններից մեկը։
Պաշտպանը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության փորձը կանանց իրավունքների պաշտպանության ոլորոտում, ինչպես նաև կարևորել է լրատվամիջոցների դերը կանանց իրավունքների արդյունավետ երաշխավորման հարցում։