Պաշտպանի կայացրած խախտման որոշման արդյունքում ցմահ ազատազրկման դատապարտվածը ստացել է անհրաժեշտ բուժօգնությունը

Պաշտպանի կայացրած խախտման որոշման արդյունքում ցմահ ազատազրկման դատապարտվածը ստացել է անհրաժեշտ բուժօգնությունը

Ցմահ ազատազրկման դատապարտված անձը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին իր նախընտրած բժշկի մոտ և իր հաշվին ստոմատոլոգիական բժշկական օգնություն ստանալուն աջակցելու համար:

 

Դիմումատուի պնդմամբ՝ նշված խնդրանքով բազմիցս դիմել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն, սակայն ստացել է նույնաբովանդակ պատասխաններ, որ անհրաժեշտ բժշկական օգնությունը կարող է կատարվել նրա նախընտրած բժշկի կողմից՝ սահմանված կարգով բժիշկ-մասնագետին հրավիրելով պատժի կրման վայր:

 

Քաղաքացին հրաժարվել է ստանալ համապատասխան օգնությունը քրեակատարողական հիմնարկում՝ պայմանավորված առկա տեխնիկական միջոցների բացակայությամբ: Ավելին, քրեակատարողական հիմնարկում իր նախընտրած բժշկի կողմից ստացած խորհրդատվությամբ անձին ցուցվել է ատամի իմպլանտացիա, որը հնարավոր չէ կատարել ՔԿՀ-ում:

 

Հաշվի առնելով քաղաքացու դիմումն ու ստացված պարզաբանումները՝ Պաշտպանը կայացրել է մարդու իրավունքների և ազատությունների խախտման առկայության մասին որոշում՝ առաջարկելով ՀՀ արդարադատության նախարարին ապահովել ցմահ ազատազրկման դատապարտված անձի իրավունքը:

 

Արդյունքում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության որոշմամբ ցմահ ազատազրկման դատապարտված անձը տեղափոխվել է իր կողմից նախընտրած ատամնաբույժի մոտ, իր հաշվին անցել է հետազոտություններ և ստացել համապատասխան բուժօգնություն: