Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը հավաքների ժամանակ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը հավաքների ժամանակ

Մայիսի 28-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:

 

Հանդիպման ընթացքում նախևառաջ քննարկվել է Պաշտպանի աշխատանքն ու գնահատականներն ապրիլ և մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ: Մասնավորապես, քննարկման առարկա է դարձել Պաշտպանի գործունեությունը՝ կապված խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանության, ոստիկանության գործողությունների դեմ բողոքները քննարկելու ու գնահատականի արժանացնելու հետ և այլն։

 

ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն այդ ժամանակաշրջանում և նշել, որ այն մարդու իրավունքների տեսանկյունից ունեցել է կարևոր նշանակություն քաղաքացիների իրավունքների երաշխավորման նպատակով:

 

Արման Թաթոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Թորբյորն Յագլանդին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը գնահատելու համար և նշել, որ այդ օրերին անչափ կարևոր էր ԵԽ գլխավոր քարտուղարի դիրքորոշումները՝ կապված երկրում մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության ապահովման հետ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել ու կարևոր գնահատականի է արժանացել Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունն այն ծրագրերին, որոնք իրականացվում են նաև Եվրոպայի խորհրդի կողմից:

 

Կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջնահերթությունները և ընդգծել Եվրոպայի խորհրդի կառույցների ու ծրագրերի հետ հետագա համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը: