Անցկացվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցների վերապատրաստման դասընթաց

Անցկացվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցների վերապատրաստման դասընթաց

Մայիսի 21-ին Գյումրիում անցկացվել է Հայաստանի Հանրապետության «Բավրա» սահմանային անցման կետում և Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ծառայություն իրականացնող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցների՝ «Փախստականների և ապաստան հայցողների պաշտպանության միջազգային և ազգային չափանիշները» խորագրով վերապատրաստման դասընթաց: Այն կազմակերպվել էր ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից:

 

Դասընթացը հիմնականում վերաբերել է փախստականների միջազգային պաշտպանության մեխանիզմներին և ներպետական օրենսդրական կարգավորումներին առնչվող հարցերին:

 

Միջոցառման ընթացքում առանձին ելույթով հանդես է եկել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանը, ով բարձր է գնահատել նշված կառույցների և Պաշտպանի աշխատակազմի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

 

Ելույթի ընթացքում ներկայացվել են Պաշտպանի՝ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով ամրագրված լիազորությունները, ինչպես նաև փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերը:

 

Սերգեյ Ղազինյանը ներկայացրել է նաև Պաշտպանի աշխատակազմի և ՄԱԿ-ի  փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի՝ 2017 թվականի ընթացքում միջև համագործակցության շրջանակներում իրականացվող «Հայաստանում փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացում» ծրագրի մանրամասները: